ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը
Այսօր մենք տոնում ենք մեր `ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, այլ ամբողջ հայ հասարակության տոնն է, քանզի մեր բանակը մեր ժողովրդինն է, որի նվիրումով, կամքով ու տոկունությամբ էլ կայացավ ու ամրացավ:
«Սատար» Հաշմանդամների ՀԿ-ում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Հայոց բանակի կազմավորման տոնը նշեցին սահմանապահ տղաների հետ:Արդեն 5–րդ տարին անընդմեջ «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն համագործակցելով՝ ՀՀ Պն բանակային կորպուսի հրամկազմի, Եղեգնաձորի զինվորական կոմիսարիատի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինության, բազմաթիվ շահագրգիռ կառույցների և անհատ բարերարների հետ Կազմակերպության մի խումբ անդամներ այցելեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղակայված N զորամաս՝ զինվորների համար օրն իրական տոն դարձնելու համար:
Ողջույնի խոսքով, հայրենասիրական ելույթով հանդես եկան «Սատար» Հաշմանդամների ՀԿ նախագահ՝ Հունան Հունանյանը և գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, Եղեգնաձորի զինվորական կոմիսար՝ Կարեն Բաբայանը:
Այնուհետև «Հայրենիքի Պաշտպան» Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան Ազատամարտի և սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված՝ Ֆելիքս Պայքարի Բեջանյանը և «2016թ-ի Ապրիլյան Քառօրյա պատերազմ»-ի ընթացքում վիրավորում ստացած Նորայր Սարիբեկի Զախարյանը պարգևատրվեցին «Հայրենիքի պաշտպան» առաջին աստիճանի մեդալով: «Հայրենիքի պաշտպան» Երրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեց Արման Սերյանի Քարտաշյանը Բանակաշինության գործում ունեցած ավանդի համար: «Հայրենիքի պաշտպան» պատվոգրով պարգևատրվեց Արգիշտի Վիտյայի Ենգիբարյանը՝ Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար:
Եղեգնաձորի զինվորական կոմիսար՝ Կարեն Սերյոժայի Բաբայանը՝ Հայոց բանակի կազմավորման 26-րդ ամյակի կապակցությամբ պարգևատրվեց «Ազատամարտիկ» մեդալով:
Զորամասի հրամկազմի ներկայացմամաբ՝ Հայրենիքի սահմաներն անսասան պահելու և բարեխիղճ ծառայության համար, «Սատար» ՀԿ-ի պատվոգրերով պարգևատրվեցին քսան առավել աչքի ընկած զինծառայողներ և սպաներ:
Զորամասի հրամկազմի կողմից պարգևատրվեցին՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրինությանը և ՀԿ Եղեգնաձորի տարածքային կենտրոնի քաղաքացիական թևի համակարգող՝ տիկին Աշխեն Մարգարյանը Զորամասի անձնակազմին մշտապես աջակցելու ինչպես նաև համերգային ծրագրով անձնակազմի մարտական ոգին բարձր պահելու համար: Նշենք նաև, որ այս անգամ ևս տիկին Աշխենը ապահովեց տոնի «քաղցր» հատվածը: Ողջ օրվա ընթացում տիրում էր բարձր տրամադրություն: Հաջորդիվ բանակի կազմավորման 26-րդ ամյակին նվիրված զորամասի շարահրապարակում բացվեց 125մ երկարություն ունեցող Հայոց Եռագույնը: Զորամասի հրամանատար՝ Արման Քարտաշյանը շնորհակալական խոսքում նշեց, որ զինվորներն անհամաբեր սպասում են այս օրվան, առաջին հայացքից նույնանման օրակարգով պլանավորվող այս օրը ի ուրախություն մեզ բոլորիս ամեն տարի անցնում է յուրովի գեղեցիկ, անակնկալներով լի և հիշարժան: Շնորհակալ ենք Ձեզ անընդհատ զինվորի կողքին լինելու համար:Վերջում տեղի ունեցավ տոնական ճաշկերույթ, որի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, ողջույնի խոսքեր և փոխադարձ շնորհավորհանքներ:Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Կազմակերպությանն աջակցելու համար և զորամասի հրամանատարներին, աշխատակազմին՝ ջերմ ընդունելության համար:
Շնորհավոր ծնունդդ, Հայոց բանակ, հաղթության ու արիության բանակ, շնորհավոր տոնդ, հայ զինվոր ու խաղաղ ծառայություն Քեզ, խաղաղություն մեր սահմաններին ու երկնքին....